«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ին լինելու է Երեւանի Ազատության հրապարակում եւ պատրաստ քաղաքացիական անհնազանդության դիմել:
«Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդությանը, կարծում եմ` այս հանցագործ իշխանությունն է անհնազանդ, բայց այո, ես պատրաստ եմ քաղաքացիական անհնազանդության»,- այսօր` նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Նոր Հայաստան» ճակատը, որի անդամ է նաեւ «Ժառանգությունը» պատրաստվում է դեկտեմբերի մեկից հանրահավաքներ անցկացնել Երեւանի Ազատության հրապարակում: Ճակատի անդամների խոսքով` իրենք քաղաքացիական անհնազանդությամբ հասնելու են իշխանափոխության: