Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը պնդում է, որ Երեւանի Ազատության հրապարակի տարածքում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության լեյտենանտը հարձակվել է իր վրա, գետնին տապալել իրեն, որի հետեւանքով դեմքին քերծվածք է հայտնվել:
«Ես ձեռքերս գրպանումս քայլում էի, լեյտենանտը, որը երեկ ինձ բերման ենթարկելիս ցավեցրել էր եւ երեւի իմ նկատմամբ անձնական հակակրանք ունի, հարձակվեց իմ վրա: Ես ոչ հայհոյել եմ իրեն, ոչ մի բան չեմ ասել, ամբողջ ընթացքում ձեռքերս գրպանումս են եղել, երբ հեռացավ, նոր հանեցի: Սա եւս մեկ անգամ ապացուցում է , որ ոստիկաններն անձնական հակակրանք ունեն ակտիվիստների նկատմամբ»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Գեւորգ Սաֆարյանը պահանջում է, որ իր վրա հարձակված լեյտենանտը ներկայանա եւ բացատրություն տա: Հրապարակում հսկողություն իրականացնող ոստիկաններից մեկը փորձեց Գեւորգ Սաֆարայանից պարզել, թե արդյոք ինքը չի հրահրել այդ միջադեպը, ինչը վրդովեցրեց հավաքի մասնակիցներին:
«Հիմա եկել եք, ուզում եք պատճառն իմանալ, բայց դա ծիծաղելի է, բոլորն էլ տեսել են, որ հարձակում եղել է»,- ոստիկանությանը պատասխանեց «Նոր Հայաստան» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային շուրջօրյա հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում:
Комментариев нет:
Отправить комментарий