«2012 թվականի խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ ամրագրվեցին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհով: Ամիսների տքնաջան աշխատանքը մի քանի վայրկյանում, բառի բուն իմաստով, հօդս ցնդեց մոտ յոթ հազար փուչիկի պայթյունի տեսքով: Երկրի նախագահի ղեկավարած կուսակցության քարոզչական եզրափակիչ համերգի մասին լուրը հատեց երկրի սահմանները, միջազգային լրատվամիջոցներով լուսաբանվեց ընտրության շեմին պայթած «նաֆսի» տեսքով»,- այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Սովորաբար փուչիկները լիցքավորում են հելիում տեսակի գազով, ինչն անվնաս է, բայց համեմատաբար թանկ: Հիշեցնենք, որ այս պայթյունի հետեւանքով 150 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել, կային տուժածներ, ովքեր հրաշքով փրկվեցին: Արտասահմանից բժիշկներ բերեցին՝ խոր վնասվածքները պլաստիկ վիրահատելու եւ այրվածքները բուժելու համար:
Մայիսի 4-ից մինչ օրս շարունակվում է նախաքննությունը, եւ միայն երեկ է հայտնի դարձել մեղադրյալի ով լինելը: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այդ գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը):
Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվեց այսքանով: Սակայն ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է եւ զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի եւ ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել»,- գրում է «Հրապարակը»: