Հայաստանի նախագահի պոտենցիալ 15 թեկնածուներից 8-ը ութ մլն դրամի (մոտ 20 հազ. դոլար), ընտրագրավի վճարման անդորրագրեր չեն ներկայացրել, ինչի կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի համապատասխան, նրանց լրացուցիչ 48 ժամ է հատկացրել: Ժամկետը լրանում է հունվարի 10-ին, ժամը 14.00-ին: Այդ մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում, պոտենցիալ թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի քննարկման ընթացքում, հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նաեւ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած 15 քաղաքացիներից երկուսն առաջադրվել են կուսակցությունների կողմից, մնացածներն ինքնառաջադրվել են: Մուկուչյանի խոսքով՝ կուսակցությունների կողմից առաջադրվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից, եւ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» կուսակցությունից:
Այսպես, պոտենցիալ 15 թեկնածուներից յոթն ընդհանրապես անդորրագրեր չեն ներկայացրել: Նրանք են՝ անկուսակցական կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը, անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը 1000 դրամ ընտրագրավի վճարման անդորրագիր է ներկայացրել:
Թոշակառու Պավլիկ Սարգսյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ չի պատրաստվում անդորրագիր ներկայացնել, քանի որ օրենքի տվյալ դրույթը հակասահմանադրական է համարում. «Սա ընտրությո՞ւն է, թե՞ խաղատուն: Ես, Հայաստանի շատ քաղաքացիների նման, սոցիալապես անապահով եմ: Սակայն պահանջում եմ թույլ տալ օգտվել իմ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Ութ մլն պահանջելով՝ դուք խախտում եք իմ սահմանադրական իրավունքը»: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ռոբերտ Սիմոնյանը, որը նույնպես անդորրագիր չի ներկայացրել: Ի պատասխան Մուկուչյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԸՕ հոդվածների սահմանադրականությունը քննարկելու իրավասություն չունի:
Комментариев нет:
Отправить комментарий