воскресенье, 21 сентября 2014 г.

Կայացավ «Հայաստանի խամրող գույները» բնապահպանական ֆիլմի շնորհանդեսը


Թէ քո Շարայի որկոր է՝ մեր Շիրակայ ամբարքն չենք (Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք):



Հայկ Նահապետի ծոռան՝ Շարայի երկիրը՝ Շիրակը, գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան մասում: Ըստ Մովսես Խորենացու՝ Շարային իբրև ժառանգություն բաժին է հասել Արագած լեռան հյուսիսային մասի բերրի դաշտերը: Բոլոր ժամանակներում էլ Շիրակը համարվում էր հայոց աշխարհի հացի շտեմարանը, այն աչքի է ընկել իր բերրի դաշտերով ու լի ամբարներով: Իսկ ինչո՞վ է Շիրակն աչքի ընկնում մեր օրերում: Շատերին թվում է, որ արդյունաբերական ձեռնարկությունների փոքր քանակի պատճառով Շիրակում, ի տարբերություն Հայաստանի մյուս մարզերի. բնապահպանական խնդիրները քիչ են, սակայն իրականությունը բոլորովին այլ է ու մենք ինքներս տեղյակ չենք մեր շուրջն առկա խնդիրներից: Շիրակի մարզի բնությանը ամենից շատ վնասում է լեռնահանքային արդյունաբերությունը...


Սեպտեմբերի 21-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայաստանի խամրող գույները» բնապահպանական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմում ներկայացված են Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները և վերջիններիս բացասական ազդեցությունը բնական միջավայրի, տնտեսության և ընդհանրապես, բնակիչների կենսակերպի վրա:

Ֆիլմը պատրաստվել է մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ՝ սցենարի հեղինակ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:


Ներկայացնենք հատվածներ «Հայաստանի խամրող գույները» թերթից, որը մասնակիցներին տրվեց ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, ներկայացված խնդիրները արդիական են և խիստ մտահոգիչ...

ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Հանքավայրերի անարդյունավետ շահագործումը նկատելիորեն փոփոխում է լանդշաֆտների երկրաբանական հիմքը՝ խախտելով բնության հավասարակշռությունը: Արդյունահանելով հանքաքարը, ապարաշերտերի մեծ քանակություն իր բնական միջավայրից դուրս է գալիս՝ վերածվելով շինաքարի, մետաղի կամ թափոնի: Շիրակում գործող հանքերի մեծ մասն ունի ցածր արդյունավետություն, որի պատճառով առաջանում են մեծ ծավալի թափոններ, որոնք էլ նկատելիորեն ազդում են բնական լանդշաֆտների զանազան բաղադրիչների վրա: Շիրակի մարզում հանքերը զբաղեցնում են ավելի քան 3200 հա տարածք: Ինտենսիվ փոփոխությունների է ենթարկվել հատկապես Արթիկի տարածաշրջանը:

Պրոբլեմների կույտը ձնագնդի պես մեծանում է նախևառաջ այն պատճառով, որ քարի հանքերը գրեթե միշտ մնում են ոչ լրիվ օգտագործված: Զարգացած երկրներում հանքերի շահագործումից հետո դրանք ենթակա են փակման ու հեղերի ռեկուլտիվացիայի: Շատ դեպքերում անզեն աչքով անհնար է հասկանալ, որ տվյալ տեղում նախկինում հանք է եղել: Մեր պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Բանը կայանում է նրանում, որ քարհանքերի շահագործման ընթացքում քարի շերտը հետզհետե ամրանում է, ինչի պատճառո փոքրանում է դրա տնտեսական նշանակությունը: Մեր հանքատերերը նախընտրում են ոչ թե մինչև վերջ շահագործել հանքը, այլ շահագործվողները կիսատ թողնելով հարևանությամբ բացում են նորերը: Հենց դա է պատճառը, որ Շիրակի մարզում կան մի քանի տասնյակ չշահագործվող հանքավայրեր, որոնք մասամբ են սպառել իրենց ռեսուրսները և ենթակա չեն ռեկուլտիվացիայի: Պարզ է, որ հանքատերերը բավական մեծ գումարներ պետք է ծախսեն հանքի շահագործումից հետո այն բնությանը անվնաս վերադարձնելու համար ու թերևս հենց դա է նաև պատճառներից մեկը, որ մեր մոտ հանքերը մնում են բաց՝ փոշու մեջ բառացիորեն խեղդելով հարևան բնակավայրերի բնակիչներին: Փոշու քանակի մեծացման պատճառով խիստ փոքրանում է հարևանությամբ գտնվող վարելահողերի բերքատվությունը, ինչպես նաև մեծանում է հիվանդությւոնների ենթարկվելու ռիսկը համայնքի բնակիչների շրջանում:

Այս խնդիրը միայն Արթիկի տարածաշրջանին չէ, որ բնորոշ է: Այժմ Շիրակի մարզում կա մոտ 60 հանքավայր, որոնց համար տրվել է ընդերքօգտագործման թույլտվություն: Ի դեպ դրանցից մոտ 20-ը չի գործում: Հանքեր կան մի շարք համայնքներում՝ Կառնուտում, Մարալիկում, Պեմզաշենում, Մարմաշենում, Մայիսյանում և այլն: Պարզից էլ պարզ է, որ առանց պետական միջամտության խնդիրը լուծվել չի կարող: Հանքատերերին պետք է պարտադրվի ամբողջությամբ շահագործել հանքերն, այնուհետև, ըստ ընդունված մեթոդների, կատարել ռեկուլտիվացիա ու օգտագործված տարածքները կրկին հետ վերադարձնել բնությանը: Փոխարենը ոչ միայն ռեկուլտիվացիա չի կատարվում, այլև հազարավոր հեկտարներով կուտակվում է արդյունաբերական աղբ, իսկ այդ տարածքները մարդածին անապատ են հիշեցնում, որոնցից անընդհատ փոշու ամպի մեջ են հայտնվում շրջակա բնակավայրերը:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐ

Մեծ խնդիր է իրենից ներկայացնում նաև կենցաղային թափոնների հարցը: Քաղաքային բնակավայրերում կենցաղային թափոնների օրական ելքը կազմում է հարյուրավոր խորանարդ մետրեր: Թափոնների այդպիսի քանակությունը կուտակվում է քաղաքամերձ տարածքներում, այսպես կոչված կարծր թափոնների պահեստարաններում: Միայն Գյումրիից տարեկան դուրս է բերվում մոտաորապես 100 հազար մ խորանարդ կենցաղային թափոն: Վերջին 50 տարիների ընթացքում մոտավոր հաշվարկներով քաղաքամերձ գոտում կուտակվել է 30 մլն մ խորանարդ կենցաղային աղբ:





Թափոնադաշտերը բարենպաստ միջավայր են հանդիսանում զանազան միկրոօրգանիզմների զարգացման համար, որոնք ուղղակիորեն աղտոտում են շրջակա միջավայրը: Թափոնների կուտակման տարածքը ունի բավական մեծ թեքություն դեպի Ախուրյանի գետի հովիտը: Անմիջապես դրա ներքևի հատվածում վարելահողեր են, որոնք մշակվում են գյուղացիների կողմից ու որոնց բերքեը կարող է հայտնվել մեզանից յուրաքանրյուրի սեղանին: Հնարավոր է նաև տեղանքի մակերևույթում եղած ճեղքերի ուղղությամբ լվացված նյութերի տեղափոխություն դեպի Ախուրյան գետը:


Թափոնների մեջ թափանցող ջուրը անցնելով թափոնաշերտի միջով, լուծման եղանակով ներառում է բազմաթիվ մասնիկներ և զանազան վնասակար միացություններ: Դրանք հասնելով ստորերկրյա ջրերին աղտոտում են դրանք, ու վերջարդյունքում, ամենայն հավանականությամբ, թափվում են Ախուրյան գետը: Դե իսկ ինչպես գիտեք, Ախուրյանի ջրերով են ոռոգվում Շիրակի բերքատու հողերի մեծ մասը:


Մեծ էկոլոգիական խնդիր է նաև առաջացել 1988-ի երկրաշարժի հետևանքով: Քանդված շենքերի մնացորդները առաջացրել են շինարարական թափոններ, որոնք քաղաքի մերձակա բնական լանդշաֆտների աղտոտման պատճառ են հանդիսացել: Երկրաշարժերի պատճառով քաղաքում առկա 950 բազմահարկ շինություններից անմիջապես ավերվել են 350-ը, որից հետո վթարային իրավիճակի պատճառով քանդվել են ևս 150-ը: Մոտավոր հաշվարկներով երկրաշարժից հետո քաղաքից դուրս է բերվել 1 միլիոն 250 հազար մետր խորանարդ շինարարական թափոն: Շինարարական թափոնները անկանոն ձևով լցվել են քաղաքամերձ զգալի տարածքների վրա՝ ճանապարհների եզրերին, դաշտապաշտպան անտառաշերտերի տարածքում, սելավային օջախների տեղամասում և այլուր:

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՆԴԻՐ

Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է: Առանց ջրի կյանք գոյություն ունենալ չի կարող: 21-րդ դարում այս պարզ քիմիական միացությունը հետզհետե ձեռք է բերում ոսկու գին: Ջրային ռեսուրսների սպառումը աշխարհում անընդհատ աճում է, սակայն դրա քանակությունը բնության մեջ մնում է նույնը: Ու այս առումով հատկապես կարևորվում է ջրերի որակը: Ջրերի հիմնական աղբյուրը Հայաստանում գետերն ու լճերն են, սակայն ինչ է մնացել դրանցից մեր շրջապատում:

Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկն Ախուրյանն է՝ Գյումրեցիների լեզվով ասած Արփաչայը: Գետի նշանակությունը թերագնահատելն անհնար է: Այն ունի ոչ միայն գյուղատնտեսական, այլ նաև ռեկրեացիոն մեծ նշանակություն: Սակայն արդյունաբերական ձեռնարկությունները չեն շրջանցել նաև Ախուրյանը: Գետի հունի երկարությամբ կան տեղաբաշխված մի քանի ավազի արդյունահանման հանքեր, ինչպես նաև մի շարք հիդրոէլեկտրակայաններ: Ավազահանքերը հանդիսանում են գետի հանքային աղտոտման պատճառ: Դրանց գործունեության արդյունքում փոխվում է գետի ջրի հանքային կազմը, ջուրը դառնում է ոչ թափանցիկ ու պղտորված:

Հիդրոէլեկտրակայանների բացասական ազդեցության մասին բազմիցս է խոսվել: Դրանք ևս էականորեն ազդում են գետի բուսական ու կենդանական աշխարհի վրա: Կառուցվում են ամբարտակներ, գետը մտցվում է խողովակների մեջ և այլն: Խախտվում է գետի նորմալ ռեժիմը, հետևաբար նաև բուսական ու կենդանական աշխարհը: Վաղուց է, ինչ Հայաստանի գետերի մեծամասնությունը դատարկվել է ձկներից: Որոշ տեղերում կենդանական աշխարհն իսպառ ոչնչացվել է: Այս ամենը ոչ միայն մարդկանց անբարեխիղճ որսի, այլև հենց արդյունաբերական ձեռնարկությունների բացասական ազդեցության արդյունք են: 

Սակայն, ցավոք սրտի այսքանով ՀԷԿ-երի վնասները չեն ավարտվում: Ախուրյանի ավազանում տեղի է ունենում շատ ավելի մտահոգիչ պրոցես: Գետի հունի երկայնքով կառուցվող ամբարտակներում ջրի կուտակման հետևանքով, բնական է, պետք է բարձրանա նաև շրջակա գրունտային ջրերի մակարդակը: Դեռևս 20-րդ դարի սկզբին, հայտնի գիտնական Պյոտր Ռեբինդերը կատարեց հայտնագործություն, ըստ որի պինդ մարմիններ թափանցող հեղուկը փոքրացնում է դրանց ամրությունը և երկարակեցությունը: Այս ազդեցությանն է ենթարկվում նաև հայկական տուֆը, որը խոնավացումից հետո կորցնում է ամրության 40-45%-ը: Ինչպես գիտեք, մեր պատմամշակութային հուշարձանների մեծ մասը կառւոցված է հենց տուֆից:

Մարմաշենի վանական համալիրի հարևանությամբ կառուցված հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պատճառով բարձրացել է գրունտային ջրերի մակարդակը: Եկեղեցու պատերն այժմ բավական խոնավ են ու կարծիք կա, որ դրա պատճառը հենց կից կառուցված ամբարտակն է: Խոնավության պատճառով եկեղեցու պատերը բառացիորեն քանդվում են:


Խիստ հրատապ է նաև ջրային համակարգերի տարբեր տոքսիկանտներով և հատկապես ծանր մետաղներով աղտոտման խնդիրը: Բավական է նշել, որ ծանր մետաղների համար, ըստ էության, գոյություն չունեն ինքնամաքրման մեխանիզմներ: Նրանք միայն տեղափոխվում են մեկ բնական միջավայրից մյուսը՝ փոխազդելով տարբեր տեսակի կենդանի օրգանիզմների հետ՝ ամենուրեք թողնելով ոչ նկատելի, բայց չափազանց վնասակար հետևանքներ: Շիրակի մարզի գետերում ծանր մետաղների կուտակման հիմնական աղբյուրը կենցաղային թափոններն են, որոնք բնակչությունը լացնում է անմիջապես գետը: Բացի այդ, գետերի աղտոտման օջախը հանդիսանում են մերձակա բնակավայրերի կոմունալ կենցաղային ջրերը:

Հայտնի է, որ ջրերում առկա ծանր մետաղները անցնում ե դրանում ապրող ձկների մեջ: Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, որտեղ սոցիալական խնդիրները դեռ անլուծելի են: Այս պարագայում կարևորվում է ջրամբարներում առկա փոքրաքանակ ձկնային պաշարների նշանակությունը: Ջրային տարածքները վաղուց է, ինչ կիսադատարկ վիճակում են, այնուամենայնիվ առկա Կարաս ձկի պաշարները շատ դեպքերում օգտագործվում է բնակչության կողմից: Այն ոչ միայն սննդի մեջ օգտագործում են շրջակա գյուղի բնակիչները, այլևս վաճառվում է Գյումրու շուկաներում: Հայտնի է, որ ջրերում առկա ծանր մետաղները անցնում են դրանում ապրող ձկների օրգանիզմներ, այնուհետև դրանք անցնում են մարդու օրգանիզմ՝ այդ կերպ մեծացնելով քաղցկեղային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:

Իրականում այս խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մենք կարծում ենք: Սակայն վերջնական լուծում տեսնելու համար մենք դեռ շատ պետք է պայքարենք...

вторник, 16 сентября 2014 г.

Հանդիպում Մարմաշենի միջնակարգ դպրոցի ավագ դասարանցիների հետ (ֆոտոշարք)

«Սրբազան Հող» ԲՀԿ-ն այսօր «ՇՄ Մարմաշեն համայնքի բնակիչների ակտիվացում, համախմբում և համայնքային 10հա անտառի հիմնում» ծրագրի շրջանակներում հանդիպեց համայնքի Մ. Մկոյանի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտների հետ:

Երիտասարդները մեծ ուրախությամբ ընդունեցին մեզ և համաձայնեցին իրենց մասնակցությունն ունենալ համայնքային անտառի հիմնման ժամանակ՝ ընդգրկվելով մեր կամավորական շարքերը:
















вторник, 9 сентября 2014 г.

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիետի նախագահ, այս մասին հայտնում է ՀՀ կառավարոթւայն պաշտոնական ֆեյսբքուքյան էջը:



Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 մայիսի 1977թ. Սյունիքի մարզ. ք. Քաջարան



Կրթություն
1994-1999թթ.- Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում:
1999- 2003 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:



Աշխատանքային գործունեություն
1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ
2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ
2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն
2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)
2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)
2012 թ. մայիսի 6 - ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից 2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ
2014թ. սեպտեմբերի 9-ից՝ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:



Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն



Անձնական տվյալներ 
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏՐՈՂԻ ԿԵՆՏՐՈՆ - YoungVoterCenter.Blogspot.com